Անցնել բովանդակությանը
Star Drive ավտոդպրոց Երևանում
Մուտք

Ճանապարհային գծանշումներ

Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի՝ հորիզոնական և ուղղաձիգ։

I. Հորիզոնական գծանշում

Հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ։ Հորիզոնական գծանշումը լինում է՝ 1) մշտական, որը սպիտակ գույնի է, բացի՝ ա. 1.4-րդ, 1.10-րդ, 1.17-րդ, 1.26-րդ գծանշումներից, որոնք դեղին գույնի են. 2) ժամանակավոր, որը նարնջագույն է։

  • 1.1
    1.1

    Հոծ գիծ է, որը բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), նշում ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տալիս երթևեկելի մասի սահմանները, ուր մուտքն արգելված է, ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները։

  • 1.2
    1.2

    Հոծ գիծ (եզրային) է, որը ցույց է տալիս երթևեկելի մասի և բաժանարար գոտու եզրը։

  • 1.3
    1.3

    Չորս և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գծեր)։

  • 1.4
    1.4

    Դեղին հոծ գիծ է, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են։ Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում՝ դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին։

  • 1.5
    1.5

    Ընդհատվող գիծ է, որը բաժանում է երկու կամ երեք երթևեկության գոտի ունեցող ճանապարհների հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը (առանցքային գիծ), իսկ մեկ ուղղությամբ երկու և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին ցույց է տալիս երթևեկության գոտիների սահմանները։

  • 1.6
    1.6

    «Մոտեցման գիծ»՝ ընդհատվող գիծ է, որը նախազգուշացնում է երթևեկության հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.1 կամ 1.11 գծանշմանը մոտենալու մասին (յուրաքանչյուր գծիկի երկարությունը երեք անգամ գերազանցում է այդ գծիկների միջև ընկած տարածությունը)։

  • 1.7
    1.7

    Ընդհատվող գիծ է, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (գծիկների երկարությունը և դրանց միջև ընկած տարածությունը հավասար են)։

  • 1.8
    1.8

    Ընդհատվող լայն գիծ է, որը ցույց է տալիս երթևեկելի մասի հիմնական և թափառքի կամ արգելակման գոտիների միջև առկա սահմանը։

  • 1.9
    1.9

    Ընդհատվող (դարձափոխային) գիծ է, որը ցույց է տալիս երթևեկության այն գոտիների սահմանները, որտեղ իրականացվում է դարձափոխային կարգավորում, իսկ եթե դարձափոխային լուսացույցներն անջատված են, բաժանում է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը։

  • 1.10
    1.10

    Ընդհատվող դեղին գիծ է, որը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կայանելն արգելված է։ Կիրառվում է ինքնուրույն կամ 3.28՝ «Կայանելն արգելվում է» նշանի հետ և գծվում երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում՝ դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին։

  • 1.11
    1.11

    Հոծ և ընդհատվող գծերի համակցություն է, որոնք՝ 1) բաժանում են հանդիպակաց կամ համընթաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը ճանապարհի այն հատվածներում, որտեղ վերադասավորումը թույլատրվում է միայն մեկ գոտուց. 2) ցույց է տալիս հետադարձի, ինչպես նաև մերձակա տարածքներ մուտքի, ելքի և նման տեղերը, որտեղ երթևեկությունը թույլատրվում է միայն մեկ ուղղությամբ։

  • 1.12
    1.12

    «Կանգ-գիծ»՝ հոծ գիծ է, որը ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդը պետք է կանգ առնի լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանի առկայության դեպքում, ինչպես նաև երկաթուղային գծանցի առջև, երբ գծանցով երթևեկությունն արգելված է։

  • 1.13
    1.13

    Ցույց է տալիս այն տեղը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին։

  • 1.14.1
    1.14.1
    1.14.2
    1.14.2

    «Զեբր»՝ ցույց են տալիս հետիոտնային անցումը։ Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը։

  • 1.15
    1.15

    Ընդհատվող գծեր են, որոնք ցույց են տալիս այն տեղը, որտեղ հեծանվային արահետը հատում է ճանապարհի երթևեկելի մասը։

  • 1.16.1
    1.16.1
    1.16.2
    1.16.2
    1.16.3
    1.16.3

    Ցույց են տալիս ուղղորդ կղզյակները՝ 1.16.1 – հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում, 1.16.2 – համընթաց տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերը կամ համընթաց ուղղության տրանսպորտային հոսքերի բաժանման տեղերում, 1.16.3 – տարբեր ուղղությունների տրանսպորտային հոսքերի միացման տեղերում։

  • 1.17
    1.17

    Դեղին բեկյալ հոծ գիծ է, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը։

  • 1.18
    1.18

    Ցույց է տալիս խաչմերուկում երթևեկության թույլատրելի ուղղությունները՝ ըստ գոտիների։ Կիրառվում է ինքնուրույն կամ 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2՝ «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանների հետ։ Փակուղու պատկերով գծանշումը ցույց է տալիս, որ դեպի մոտակա երթևեկելի մաս շրջադարձն արգելվում է։ Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող գծանշումը թույլատրում է նաև հետադարձը։

  • 1.19
    1.19

    Նախազգուշացնում է մոտենալու մասին՝ 1) երթևեկության գոտու վերջին (այն հատվածին, որտեղ տվյալ ուղղությամբ երթևեկության գոտիների թիվը նվազում է)։ Կարելի է կիրառել 1.20.1–1.20.3՝ «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանների հետ. 2) 1.1 կամ 1.11 գծանշմանը, երբ դրանք բաժանում են հանդիպակաց (ուղղությունների) տրանսպորտային հոսքերը։ Կիրառվում է 1.6՝ «Մոտեցման գիծ» գծանշման հետ միասին։

  • 1.20
    1.20

    Նախազգուշացնում է 1.13 գծանշմանը մոտենալու մասին։

  • 1.21
    1.21

    «STOP» գրառում՝ նախազգուշացնում է 1.12 գծանշմանը մոտենալու մասին, երբ այն կիրառվում է 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» նշանի հետ։

  • 1.22
    1.22

    Ցույց է տալիս ճանապարհի (երթուղու) համարը։

  • 1.23
    1.23

    Ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված հատուկ գոտին։

  • 1.24.1
    1.24.1
    1.24.2
    1.24.2
    1.24.3
    1.24.3

    Կրկնօրինակում են համապատասխանաբար 1.20.2՝ «Ճանապարհի նեղացում», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և 8.17՝ «Հաշմանդամություն ունեցող անձինք» ճանապարհային նշանները և կիրառվում դրանց հետ միասին։

  • 1.24.4
    1.24.4

    Կրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը։ Կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ։

  • 1.25
    1.25

    Ցույց է տալիս երթևեկելի մասի արհեստական անհարթությունները, կիրառվում է 5.20՝ «Արհեստական անհարթություն» նշանի հետ։

  • 1.26
    1.26

    Գույնը՝ դեղին։ Նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի։ Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35՝ «Խաչմերուկի տարածք» նշանի հետ։

Որ գծերը կարելի է հատել

1.1, 1.2 և 1.3 գծերը հատելն արգելվում է։ 1.1 գիծը թույլատրվում է հատել, երբ այն ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կայանման տեղերի սահմանները՝ կայանման տեղ մուտք գործելու կամ կայանման տեղից դուրս գալու նպատակով մանևրելիս, իսկ 1.2 գիծը թույլատրվում է հատել կողնակի վրա կանգառ կատարելու և կանգառ կատարելու վայրից դուրս գալու դեպքում, այն տեղերում, որտեղ թույլատրվում է տրանսպորտային միջոցների կանգառ կամ կայանում։ 1.5–1.8 գծերը թույլատրվում է հատել ցանկացած կողմից։ Դարձափոխային լուսացույցների բացակայության կամ անջատված լինելու դեպքերում 1.9 գծանշումը թույլատրվում է հատել, եթե այն գտնվում է վարորդից աջ, իսկ միացված դարձափոխային լուսացույցի դեպքում՝ ցանկացած կողմից, եթե այդ գծերը բաժանում են երթևեկության համընթաց ուղղությամբ գոտիները։ Դարձափոխային լուսացույցի անջատման դեպքում վարորդը պետք է անհապաղ վերադասավորվի 1.9 գծանշումից դեպի աջ։ Անջատված դարձափոխային լուսացույցների դեպքում երթևեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող 1.9 գծանշումը հատելն արգելվում է։ 1.11 գիծը թույլատրվում է հատել ընդհատվող գծի, իսկ վազանցը կամ շրջանցումն ավարտելիս՝ նաև հոծ գծի կողմից։

II. Ուղղաձիգ գծանշում

Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց։

  • 2.1.1
    2.1.1
    2.1.2
    2.1.2
    2.1.3
    2.1.3

    Նշում են ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար։

  • 2.2
    2.2

    Նշում է թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը։

  • 2.3
    2.3

    Նշում է բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները։

  • 2.4
    2.4

    Նշում է ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն։

  • 2.5
    2.5

    Նշում է ցանկապատերի կողային մակերևույթները՝ ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա։

  • 2.6
    2.6

    Նշում է ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում։

  • 2.7
    2.7

    Նշում է վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները։